Kornidzor.am


       Կայքը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Հագարի գետի աջ զառիթափ լանջին տեղակայված Կոռնիձոր գյուղին։ Այն նախատեսված է ծառայելու իբրև համացանցի տեղեկատվա-ճանաչողական ռեսուրս գյուղի և գյուղական կյանքի, ինչպես նաև գյուղի պատմամշակութային արժեքների վերաբերյալ համապարփակ տեղեկատվության՝ նկարների, գրքերի, պատմական, վավերագրական և այլ բնույթի նյութերի համակարգված ներկայացման ու դրանց համալրման նպատակով։

Բոլորին հայտնի են Ուինսթոն Չերչիլի խոսքերը. «Ով տիրապետում է տեղեկատվության, նա տիրում է աշխարհը»։ Այս խոսքերն այսօր առավել արդիական են, հաշվի առնելով համացանցի հնարավորությունները, որի միջոցով ներկայումս իրագործվում են հեղափոխություններ և կերտվում ճակատագրեր։ Այն հզորագույն գործիք է մարդկության ձեռքերում, ուստի պետք է օգտվել նրա ընձեռած հնարավորություններից և ամբողջ աշխարհին ճանաչելի դարձնել այն հիասքանչ բնակավայրը, որը կոչվում է Կոռնիձոր՝ միաժամանակ նպաստելով գյուղի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանն ու համագործակցության խթանմանը։ Կայքում պարբերաբար կթարմացվեն ու կտեղադրվեն նոր նյութեր, որոնք կպատմեն գյուղի հիմնախնդիրների, անվանի մարդկանց, համայնքում անցկացվող միջոցառումների և իրականացված ծրագրերի մասին՝ ապահովելով գյուղի ներկայացումը համայն աշխարհին։

Ցավոք, այսօր գյուղի բնակչության մեծ մասը շատ հեռու են իրենց ծննդավայրից և սա մեծ հնարավորություն է նրանց համար հետևելու գյուղում տեղի ունեցող իրադարձություններին, մասնակիցը դառնալու համայնքային կյանքին, ինչպես նաև, ինչու ոչ, կատարելու նոր բացահայտումներ իրենց ծննդավայրի վերաբերյալ։

Հնարավոր է դուք գյուղի բնակիչ եք, կամ այստեղ անցել է ձեր երջանիկ մանկությունը, կամ գյուղում է գտնվում ձեր «պապենական տունը» ... Կարևոր չէ, թե դուք ինչպես եք կապված գյուղի հետ, եթե դուք հայտնվել եք այս էջում, դա արդեն խոսում է այն մասին, որ Կոռնիձոր գյուղը ձեր կյանքում խաղում է որոշակի դեր։ Եթե դուք ունեք հետաքրքիր նյութեր, լուսանկարներ, թարմ նորություններ և ցանկացած այլ տեղեկատվություն գյուղի պատմության մասին, ապա կարող եք ձեր անմիջական մասնակցությունն ունենալ կայքի բովանդակության կատարելագործման ու զարգացման հարցում։ Կայքի հիմնական խնդիրներից մեկն է գյուղի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն ու հրապարակումը, որի շրջանակներում ձեզանից յուրաքանչյուրը կարող է կիսվել իր ունեցած տեղեկատվությամբ կայքի համապատասխան բաժնում։ 

Հարգանքներով Էմին և Դավիթ  Կարապետյաններ